
Վերջին տարիներին ես ձեռնամուխ եմ լինում այնպիսի նախագծերի, որոնք ինձ համար մեծ արժեք և անձնական նշանակություն ունեն: Տնտեսագիտական հետազոտություններից բացի, ես վերջերս ավարտեցի (նախնական) աշխատանքը մի գրքի շուրջ (անգլերեն լեզվով): Այն հուզիչ և իրական պատմություն է՝ 90-ականներին Սյունիքում ամենօրյա պատերազմական գործողություններին ականատես մի վեցամյա աղջնակի (իմ) և նրա ընտանիքի մասին։ Թեև գիրքը նկարագրում է պատերազմի դաժան և խավար օրերը, այն հիմնականում սիրո մնայուն ուժի և մարդկային աննկուն ոգու մասին է, որը լույս է սփռում նույնիսկ ամենամութ ժամանակներում:

Ես սկսեցի մտորել կրթական հարթակի ստեղծման մասին 2021 թվականին, երբ 44-օրյա պատերազմից հետո տարբեր առիթներով ինձ խնդրեցին մշակել դասախոսություններ՝ տնտեսագիտական թեմաներով: Թեև ես ընդառաջեցի բոլոր խնդրանքներին, այդպես էլ երբեք բավարարված չզգացի որևէ թեմայի կամ ամբողջ տնտեսագիտական ճյուղի շուրջ ընդամենը մեկ կամ երկու դասախոսություն կարդալով և ակնկալելով խորն ըմբռնում լսարանի կողմից: «Աշխարհը և ես նախագիծը» նախատեսված է փաստերի վրա հիմնված հոդվածներ, տեսանյութեր և այլ ուսումնական նյութեր ստեղծելու՝ ինչպես հայալեզու, այնպես էլ անգլիախոս լսարանի համար: Նախագծի նպատակն է ներկայացնել խոր վերլուծություններ, տարածել գիտական և այլ հավաստի աղբյուրների հիման վրա տեղեկատվություն, կարևոր հարցեր առաջ քաշել և կազմակերպել գիտելիքների փոխանակում՝ ավելի համակարգված ձևով:

Վերջին մի քանի տարիներին ես նաև ուսումնասիրում եմ, գրում և ելույթներ ունենում անձի և ազգային ինքնության, ազգի բրենդավորման, արմատների և պատմամշակութային ժառանգության մասին: Եվ ահա մի քանի ամիս է, ինչ ես ձեռնամուխ եմ եղել Արշակունիների մասին անգլերեն լեզվով պատմավեպեր գրելուն (5-6 գիրք): Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանն ինձ գրավում է ազգային պայքարի, խարդավանքների, ճիշտ և սխալ որոշումների, անձնական և ազգային շահերի բախման և մի շարք այլ գործոնների պատճառով, որոնք ի վերջո կործանանրար դեր խաղացին հայկական թագավորության և պետականության պահպանման համար պայքարում։