Սառը պատերազմ (1)
- Dr. Yeva Aleksanyan
- May 4
- 2 min read
Updated: May 6
Մոտ կես դար տևեց մի հակամարտություն, որի ժամանակ ոչ մի կրակոց անգամ չարձակվեց գերտերությունների տարածքում, բայց վտանգն էլ երբեք չնվազեց։ Մի կողմում ԱՄՆ-ն էր՝ ազատ շուկաների, ժողովրդավարության և կապիտալիզմի առաջամարտիկը, իսկ հակամարտության մյուս կողմում ԽՍՀՄ-ն էր՝ պլանային տնտեսության, պետական վերահսկողության և կոմունիստական իդեալների ջատագովն ու տարածողը։

Սա պատերազմ էր առանց ավանդական ռազմի դաշտի, բայց և ավելի լայնամասշտաբ։ Սա պայքար էր գաղափարների, ազդեցության գոտիների և ի վերջո, պաշարների և ճանապարհների համար։ Սա առաջին Սառը պատերազմն էր։
Ինչպես սկսվեց ամեն ինչ
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո` նախկին դաշնակիցները դարձան գաղափարական թշնամիներ։ Չնայած պատերազմի տարիներին ԱՄՆ-ն զգալի օգնություն տրամադրեց ԽՍՀՄ-ին՝ Lend-Lease ծրագրի շրջանակներում, սակայն նման բարեկամությունը ժամանակավոր էր։ Դաշնակիցներին միավորում էր միայն ընդհանուր թշնամին՝ նացիզմը։ Պատերազմից հետո պարզ դարձավ, որ այդ երկու գերտերությունների արժեքային համակարգերը անհամատեղելի են։
Սառը պատերազմը սկսվեց որպես գաղափարական առճակատում։ Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը՝ «Երկաթե վարագույրն իջնում է մայրցամաքի վրա», դարձան ժամանակի խորհրդանիշը։ Այդ վարագույրը շուտով նյութականացավ Բեռլինի պատով՝ բաժանելով աշխարհը երկու բևեռի։
Կորեան և Վիետնամը. Սառը պատերազմը տաքանում է
1950 թ.-ին Հյուսիսային Կորեան ներխուժեց Հարավային Կորեա՝ ԽՍՀՄ-ի և Չինաստանի աջակցությամբ։ ԱՄՆ-ն անմիջապես արձագանքեց՝ նման քայլն ընկալելով որպես Դոմինոյի տեսության իրագործում. եթե Կորեան ընկներ կոմունիստական ազդեցության տակ, ապա դրան կհետևեին մյուսները։ Սա Սառը պատերազմի առաջին իրական բախումն էր, թեև՝ երրորդ երկրի հողի վրա։
Սրան հաջորդեց Վիետնամի պատերազմը՝ ամերիկյան պատմության ամենադաժան և ամենախոցելի պատերազմներից մեկը։ Միացյալ Նահանգները փորձում էր կասեցնել Չինաստանի և ԽՍՀՄ-ի համատեղ ջանքերով կոմունիզմի տարածումը Վիետնամում։
Վիետնամական պատերազմում ԱՄՆ-ն ոչ միայն 50.000-ից ավել զոհ ունեցավ, այլ նաև ԱՄՆ կառավարությունը կորցրեց վստահությունը թե՛ սեփական ժողովրդի աչքերում, և թե՛ իր սահմաններից դուրս։
Կուբայի հրթիռային ճգնաժամը. Միջուկային պատերազմի եզրին
1962 թ. ԱՄՆ-ը հայտնաբերեց ԽՍՀՄ հրթիռներ Կուբայում՝ իր սահմաններից ընդամենը 90 մղոն հեռավորության վրա։ Տասներեք օր շարունակ աշխարհը, շունչը պահած, սպասում էր, թե ինչպես են զարգանալու դեպքերը։ Միջուկային բախումը ավելի քան հնարավոր էր։ Միայն դիվանագիտությունը փրկեց աշխարհը։ Այս ճգնաժամը ցույց տվեց, որ Սառը պատերազմը սոսկ գաղափարական չէր։ Այն իրական սպառնալիք էր ամբողջ աշխարհի՝ այդ թվում հենց գերտերությունների համար։
Աֆղանստան՝ ԽՍՀՄ-ի Վիետնամը
1979 թ. ԽՍՀՄ-ը ներխուժեց Աֆղանստան։ ԱՄՆ-ն արձագանքեց՝ զինելով մոջահեդներին։ Այն ինչ պետք է լիներ բլից հաղթանակ ԽՍՀՄ համար՝ վերածվեց երկար, խորտակիչ պատերազմի։ Այս ներխուժումը արագացրեց ԽՍՀՄ-ի փլուզումը։ 1980-ականների վերջին տնտեսական ճգնաժամը, բանակի ցածր մարտունակությունը, և բնակչության հիասթափությունը հասան կրիտիկական կետի։
Սառը պատերազմի վերջը
1989 թ.-ին քանդվեց Բեռլինի պատը։ Այն դարձավ Արևելյան Եվրոպայում կոմունիստական վերահսկողության անկման խորհրդանիշը։ Իսկ ահա 1991թ. -ին՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Թեև ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն այդպես էլ ուղիղ պատերազմ չվարեցին իրենց երկրների տարածքներում, բայց այս երկու գերտերությունների միջև գլոբալ պայքարը փոխեց տարբեր մայրցամաքներում երկրների աշխարհագրական սահմանները, քաղաքական համակարգերը և ժողովուրդների ճակատագրերը։
Comments