top of page

Թրամփը և տարիֆները. տնտեսական ռազմավարությո՞ւն, թե՞ քաղաքական խաղ

  • Writer: Dr. Yeva Aleksanyan
    Dr. Yeva Aleksanyan
  • Mar 12
  • 3 min read

Updated: Mar 16

Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բառարանի ամենագեղեցիկ բառը «տարիֆն» է. նույնիսկ ավելի գեղեցիկ, քան «սերը»։

Բայց ի՞նչ է տարիֆն իրականում։ Տարիֆը հարկ է, որը կիրառվում է ներմուծվող կամ արտահանվող ապրանքների վրա։ Տարիֆների կիրառման հիմնական նպատակն է ներքին արտադրության պաշտպանությունը, աշխատատեղերի ստեղծումը և առևտրային անհավասարակշռության շտկումը։ Սակայն նման գործիքակազմի կիրառումը հղի է տնտեսական լուրջ հետևանքներով։


Տարիֆների կիրառումը հաճախ հանգեցնում է սպառողական գների աճի, տնտեսական անարդյունավետության և այլ երկրների կողմից պատասխան առևտրային միջոցառումների, որոնք կարող են էլ ավելի սրել տնտեսական լարվածությունը։

Սմութ-Հոուլիի տարիֆը՝ որպես ձախողման դասական օրինակ

Պաշտպանողական քաղաքականության ամենավաղ և աղետալի օրինակներից մեկը 1930 թ.-ի Սմութ-Հոուլիի ակտն էր։ Այն նախատեսված էր պաշտպանելու ամերիկյան աշխատատեղերն ու արդյունաբերությունը, սակայն հանգեցրեց ճիշտ հակառակ արդյունքի.

  • ԱՄՆ-ի ներմուծումը կրճատվեց 66%-ով՝ լուրջ վնաս հասցնելով միջազգային առևտրից կախված արտադրության ճյուղերին։

  • Ավելի քան 30 երկիր հակադարձեց՝ սահմանելով ԱՄՆ նկատմամբ մաքսատուրքեր, ինչն էլ մեկուսացրեց ԱՄՆ-ի տնտեսությունը։

  • ԱՄՆ-ի արտահանումը կրճատվեց 61%-ով՝ էլ ավելի խորացնելով Մեծ դեպրեսիան։

  • Համաշխարհային առևտուրը կտրուկ նվազեց՝ հանգեցնելով զանգվածային գործազրկության և տնտեսական անկման։

Այս պատմական ձախողումը ցույց է տալիս, թե ինչպես սխալ տարիֆային քաղաքականությունը կարող է ոչ թե պաշտպանել տնտեսությունը, այլ խորացնել տնտեսական ճգնաժամը։

Սակայն սա պատմության միայն մի մասն է։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ Սմութ-Հոուլիի տարիֆները անուղղակի դեր խաղացին Ճապոնիայի ռազմական ընդլայնման գործում, որն ի վերջո հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Միացյալ նահանգների նման պաշտպանողական գործողությունները մեծ վնաս հասցրեցին համաշխարհային տնտեսությանը։ Ճապոնիայում սկսվեց լուրջ տնտեսական անկում, ինչը հանգեցրեց երկրում նոր տրամադրությունների ձևավորման։ Եթե ԱՄՆ-ը կարող էր ցանկացած պահ արգելել կամ խոչնդոտել առևտուրը, ապա Ճապոնիան, մի երկիր, որը մեծապես կախված էր արտաքին շուկաներից և արտահանումից, պետք է ապահովեր իր տնտեսական և տարածքային անվտանգությունը։ Սա հանգեցրեց Արևելյան Ասիայում Ճապոնիայի էքսպանսիոնիզմի քաղաքականության խորացմանը, ինչը դարձավ հակամարտությունների և պատերազմի նախադրյալ։

Արդյո՞ք տարիֆները երբևէ արդյունավետ են եղել։

Թեև տարիֆները մեծ մասամբ ավելի շատ վնաս են հասցրել, քան օգուտ, կան հաջողության պատմություններ։

✅ Հաջողության պատմություն. Հարավային Կորեայի ավտոմեքենաների սակագները (1970–1990-ականներ)

Հարավային Կորեան սահմանեց բարձր տարիֆներ ճապոնական ավտոմեքենաների նկատմամբ՝ պաշտպանելու և զարգացնելու սեփական մեքենաշինությունը։

🔹 Արդյունքում Hyundai, Kia և այլ կորեական ապրանքանիշեր տարիներ հետո հաջողությամբ մուտք գործեցին համաշխարհային շուկա։

🔹 Կորեան կիրառեց լավ մտածված, ճիշտ կառուցված, զգույշ և ժամանակավոր տարիֆներ՝ ներքին արտադրությունը խրախուսելու համար։ Երբ կորեական մեքենաշինությունը դարձավ մրցունակ, տարիֆները հանվեցին՝ ապահովելով կայուն և ինքնաբավ տնտեսություն։

Նման ժամանակավոր տարիֆները հնարավորություն ընձեռեցին Հարավային Կորեային դառնալ տեխնոլոգիական և արդյունաբերական հսկա։

 Անհաջողության պատմություն. Հնդկաստանի էլեկտրոնիկայի տարիֆները (2018–ներկա)

Հնդկաստանը փորձեց նույն ռազմավարությունը, ինչ Հարավային Կորեան, բայց այս անգամ՝ սմարթֆոնների, նոութբուքերի և էլեկտրոնային բաղադրիչների ոլորտում։

🔻 Արդյունքը՝

  • Սպառողական գները կտրուկ աճեցին՝ դարձնելով հիմնական տեխնոլոգիաները անմատչելի։

  • Օտարերկրյա ներդրումները և տեխնոլոգիական ընկերությունների մուտքը հնդկական շուկա կտրուկ նվազեց։

  • Հնդկաստանի թվային փոխակերպումը դանդաղեց՝ սահմանափակելով ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը։

Ի տարբերություն Հարավային Կորեայի ճիշտ ձևակերպված և ժամանակավոր մաքսատուրքերի, Հնդկաստանի ավելի լայն ծավալներ ունեցող պաշտպանողական քաղաքականությունը խեղդեց նորարարությունը՝ ցույց տալով, որ ոչ բոլոր տարիֆներն են հաջողություն բերում։

Թրամփի տարիֆները. ո՞վ է իրականում վճարում դրանց գինը։

2018 թվականին ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը 25% մաքսատուրք սահմանեց պողպատի ներկրման համար՝ նպատակ ունենալով խթանել պողպատի ներքին արտադրությունը։

Արդյունքում.

  • Չինաստանը հակադարձեց, կիրառելով մաքսատուրքեր ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքների (սոյայի, խոզի, ցորենի և այլն) ներմուծման վրա, ինչը ծանր հարված հասցրեց ամերիկացի ֆերմերներին։

  • Արտադրության ծախսերն աճեցին, հատկապես ներմուծված հումքից կախված ոլորտներում։

  • Սպառողական ապրանքների գները աճեցին, ինչն էլ մեծացրեց ծախսերը ամերիկյան տնային տնտեսությունների համար։

Չիկագոյի համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ-ի պողպատի յուրաքանչյուր խնայված աշխատատեղի համար ամերիկացի սպառողները և ձեռնարկությունները վճարեցին տարեկան լրացուցիչ 900,000 դոլար։

Այսպիսով, թեև տարիֆները պաշտպանում են արտադրության որոշ ճյուղեր, բայց վնասում են այլ ճյուղերի։ Նման քաղաքականության բեռը միշտ էլ դրվում է ներքին սպառողի վրա։

Տարիֆները՝ որպես քաղաքական զենք

Տարիֆները չեն սահմանափակվում միայն տնտեսական ազդեցությամբ. դրանք նաև կարևոր քաղաքական գործիք են։

Օրինակ՝ 2018 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը սահմանեց տարիֆներ /մաքսատուրքեր/ Չինաստանի նկատմամբ, պատճառաբանելով առևտրային հաշվեկշռի մեծ դեֆիցիտը և Չինաստանի կողմից մտավոր սեփականության գողությունը։ Սակայն, երբ նախագահ Բայդենը ստանձնեց պաշտոնը, նա շարունակեց Թրամփի տարիֆների քաղաքականությունը։

🔹 Ինչո՞ւ։ Որովհետև տարիֆները վերածվեցին Չինաստանի հետ սակարկությունների գործիքի։ Դրանք դարձան ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական լծակ՝ Սպիտակ տան ձեռքերում։

Այսպիսով, թեժ առևտրային պայքարը շարունակվեց, իսկ տարիֆները մնացին որպես ճնշման և պայմանավորվածություններ կորզելու միջոց։

Բայց հիշեցնեմ, որ չնայած տարիֆները պաշտպանում են որոշ ոլորտներ, մեծ մասամբ դրանց իրական արժեքը վճարում է սպառողը, և այլ ոլորտներում արտադրողները։ Արդյունքում՝ նման քաղաքականությունն ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ բերում։ Տարիֆները շատ դեպքերում առաջացնում են գնաճ, ավելացնում են բիզնեսի ծախսերը և կարող են հանգեցնել տնտեսական ճգնաժամի։

Հետևաբար, հաջորդ անգամ, երբ լսեք քաղաքական գործիչի խոստումը, թե «տարիֆները կվերադարձնեն աշխատատեղերը» կամ «կդարձնեն տնտեսությունը հզոր», ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչի հաշվին և ո՞րն է լինելու դրա իրական գինը։

 

Comments


Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  worldandmeproject@gmail.com

© 2023 World and Me. All Rights Reserved.

  • Youtube
  • Instagram
  • Facebook
bottom of page