Առևտրային պատերազմներ
- Dr. Yeva Aleksanyan
- Mar 29
- 3 min read
Updated: Apr 2
Այսօր մենք ականատես ենք մի իրողության, որն ընդամենը մի քանի տարի առաջ անհավանական կթվար. երկարամյա գործընկերներ ու դաշնակիցներ Միացյալ Նահանգներն ու Կանադան տարիֆներ են սահմանում միմյանց նկատմամբ՝ սրելով հարաբերություններն այն աստիճան, որ անգամ հնչում են կարծիքներ, թե ԱՄՆ-ն փորձում է Կանադան դարձնել իր հիսունմեկերորդ նահանգը։ Երկու երկրների միջև սկսված առևտրային պատերազմն անհանգստացնում է ոչ միայն երկու երկրներում բնակվողներին, այլ ամբողջ աշխարհին։

Ի՞նչ է առևտրային պատերազմը
Առևտրային պատերազմն այն իրավիճակն է, երբ երկրները փոխադարձաբար սահմանում են մաքսատուրքեր (տարիֆներ), քվոտաներ կամ այլ առևտրային սահմանափակումներ՝ նպատակ ունենալով պաշտպանել իրենց ներքին շուկան կամ պատժել հակառակ կողմին՝ որոշ տնտեսական կամ քաղաքական գործողությունների համար։ Այն սովորաբար սկսվում է մի երկրի կողմից կիրառվող մաքսատուրքերով, որին հաջորդում են պատժիչ քայլեր մյուս կողմից՝ թիթ-ֆոր-թաթ (tit-for-tat) սկզբունքով։ Սկսվում է երկու կողմերի միջև առևտրի խաթարում։
Հավերի պատերազմ
1960-ականների Հավերի պատերազմն առևտրային պատերազմի դասական օրինակ է։ Երբ ամերիկյան արտադրողները էժան հավի միս սկսեցին արտահանել Եվրոպա՝ խաթարելով տեղական ֆերմերների շահերը, Եվրոպական Տնտեսական Համայնքը մաքսատուրք սահմանեց ամերիկյան հավի մսի վրա։ Ի պատասխան Եվրոպայի նման քայլի՝ Միացյալ Նահանգները բարձր մաքսատուրքեր սահմանեց ֆրանսիական կոնյակի, գերմանական թեթև բեռնատարների (այդ թվում՝ հայտնի Volkswagen Bus-ի) և կարտոֆիլի օսլայի վրա։
Հավերի պատերազմի արդյունքում Եվրոպայում թռչնամսի գինը կտրուկ բարձրացավ, ամերիկյան սպառողները բախվեցին ավելի թանկ եվրոպական ապրանքների, Միացյալ նահանգների կողմից սահմանված 25% մաքսատուրքը նվազեցրեց Volkswagen-ի վաճառքը Միացյալ Նահանգներում, պահանջարկը կրճատվեց, իսկ ամերիկյան սպառողը ստիպված էր կա’մ ավելի բարձր գին վճարել, կա’մ էլ գնել ամերիկյան ավելի ցածրորակ թեթև բեռնատարեր։ Volkswagen-ը ստիպված եղավ վերանայել իր ռազմավարությունը և թեթև բեռնատարերի արտադրությունը տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ մաքսատուրքը մինչ օրս ուժի մեջ է։ Այն հայտնի է «Հավի հարկ» անունով։ Մաքսատուրքը խոչընդոտում է օտարերկրյա թեթև բեռնատարների մուտքը ամերիկյան շուկա՝ ստիպելով ընկերություններին արտադրությունը տեղափոխել ԱՄՆ։
Ինչպես են սկսվում առևտրային բախումները
Առևտրային պատերազմները սկսվում են առևտրային դեֆիցիտի, քաղաքական վեճերի կամ ազգային անվտանգության մտահոգությունների պատճառով։ Միացյալ Նահանգներ-Չինաստան առևտրային պատերազմը սրա վառ օրինակն է։
2018 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց 300 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա՝ նշելով Չինաստանի կողմից մտավոր սեփականության գողությունը, տեխնոլոգիայի հարկադիր փոխանցումն ու անարդար առևտրային պրակտիկաները։ Չինաստանը պատասխանեց նույն ոգով՝ թիրախավորելով ամերիկյան գյուղատնտեսությունը, մեքենաշինությունը և բարձր տեխնոլոգիան։
Արդյունքում՝
ԱՄՆ գյուղատնտեսական արտահանման կորուստը գնահատվեց միլիարդավոր դոլարներ։
Ավելի քան 245,000 աշխատատեղ կրճատվեց ԱՄՆ-ում։
Չինաստանի տնտեսական աճը դանդաղեց։
ԱՄՆ-ը ստիպված եղավ 28 միլիարդ դոլարի պետական օգնություն տրամադրել ֆերմերներին։
Երկու տնտեսություններն էլ միլիարդավոր դոլարների կորուստ ունեցան, իսկ համաշխարհային մատակարարման շղթաները խաթարվեցին:
Ընդհանուր առմամբ, առևտրային պատերազմներն ավելի շատ վնաս են պատճառում՝ հանգեցնելով գնաճի, սպառողների ավելի մեծ ծախսերի, աշխատատեղերի կորստի և տնտեսական անկայունության: Պատմությունը ցույց է տալիս, որ այդ հակամարտությունները հաճախ հակառակ արդյունք են տալիս՝ առաջացնելով երկարաժամկետ տնտեսական խաթարումներ:
Օր.՝ 1980-ականներին Միացյալ Նահանգները սկսեց Ճապոնիայի դեմ առևտրային պատերազմ՝ կիսահաղորդիչների համար: Այն ժամանակ Ճապոնիան գերիշխում էր կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում՝ արտադրելով ավելի որակյալ և ավելի ցածր գներով կիսահաղորդիչներ /չիպեր/: Միացյալ Նահանգները սկսեց մեղադրել Ճապոնիային դեմպինգի և անարդար առևտրային պրակտիկայի մեջ: 1986 թ. Միացյալ Նահանգները 100% մաքսատուրք սահմանեց ճապոնական կիսահաղորդիչների վրա՝ ներքին արտադրողին, ինչպիսիք են Intel-ը և Texas Instruments-ը, պաշտպանելու նպատակով:
Կարճաժամկետ կտրվածքում մաքսատուրքերի սահմանումը կարծես թե օգնեց։ Նման քայլը հնարավորություն տվեց ամերիկյան ընկերություններին շունչ քաշել։ Բայց նման հաղթանակը երկար չտևեց: Միացյալ Նահանգներում կիսահաղորդիչների արտադրությունը շարունակեց անկում ապրել: Նույնիսկ մաքսատուրքերի առկայության պարագայում արտադրությունն աստիճանաբար տեղափոխվեց երկրի սահմաններից դուրս։ Շուտով Թայվանը և Հարավային Կորեան դարձան նոր գլոբալ առաջնորդներ այս ոլորտում, և Միացյալ Նահանգերը ստիպված եղավ կիսահաղորդիչներ ներմուծել հենց այս երկրներից։
Մինույն ժամանակ, Միացյալ Նահանգների նման քայլը վնասեց Ճապոնական կիսահաղորդիչների արտադրությանը։ Ճապոնիան ստիպված եղավ սևեռել ուշադրությունը այլ ոլորտների վրա։ Ճապոնիան բավական ռեսուրսներ ուղղեց դեպի սպառողական էլեկտրոնիկայի և ավտոմեքենաների արտադրություն։ Թեև Միացյալ Նահանգները հույս ուներ զսպել Ճապոնիայի ազդեցությունը, բարձր մաքսատուրքերը ստիպեցին Ճապոնիային նորամուծություններ կատարել սպառողական էլեկտրոնիկայի և ավտոմեքենաների արտադրության ոլորտներում՝ ի վերջո դարձնելով երկիրը էլ ավելի ուժեղ մրցակից Միացյալ Նահանգների համար։
Տնտեսական հետևանքներից զատ, այս առևտրային պատերազմն իր հետքը թողեց Միացյալ Նահանգներ-Ճապոնիա հարաբերությունների վրա: Այն, ինչ սկսվեց որպես տեխնոլոգիական գերակայության համար պայքար, հանգեցրեց երկու երկրների միջև տասնամյակների տնտեսական լարվածության:
Պատմությունը մեկ բան է հուշում. առևտրային պատերազմները հաճախ սկսվում են տնտեսությունը պաշտպանելու մտադրությամբ, բայց ավարտվում են դաշնակիցների կորուստով, սպառողների դժգոհությամբ և բարդ իրավիճակներով։
コメント