top of page

ԱՄՆ-Իսրայել դաշինք․ ռազմավարության, գոյատևման և ազդեցության անհավանական պատմություն

Writer: Dr. Yeva AleksanyanDr. Yeva Aleksanyan

Updated: Feb 14

Այսօր ԱՄՆ-Իսրայել դաշինքը թերևս աշխարհում ամենասերտ և հզորներից է՝ հիմնված ռազմական, տնտեսական և դիվանագիտական համագործակցության վրա։ Սակայն այս հարաբերությունները միշտ չէ, որ այսքան ամուր են եղել։ Դրանք ձևավորվել են քաղաքական տատանումների, պատերազմների և գլոբալ ուժերի վերադասավորման հետևանքով՝ ի վերջո ամրապնդելով Իսրայելի դիրքը որպես ԱՄՆ-ի առանցքային դաշնակից։



Թրումանի անսպասելի որոշումը

1948 թվականի մայիսի 14-ին, Իսրայելը հռչակեց անկախություն՝ դառնալով առաջին հրեական պետությունը՝ 2000 տարի պետականություն չունենալուց հետո։ Քանի դեռ աշխարհի շատ երկրներ քննարկում էին իրենց դիրքորոշումը, 11 րոպե անց ԱՄՆ-ն դարձավ առաջին պետությունը, որը դե ֆակտո ճանաչեց Իսրայել պետությունը։

ԱՄՆ նախագահ Թրումանի վարչակազմում շատերը  դեմ էին այս որոշմանը՝ պնդելով, որ այն կսպառնա Միացյալ Նահանգների հարաբերություններին արաբական երկրների հետ և կվտանգի ԱՄՆ նավթային շահերը։ Բացի այդ, Թրումանը հայտնի էր իր հակասեմիտական արտահայտություններով, ինչն էլ Իսրայելի ճանաչման փաստն էլ ավելի անսպասելի դարձրեց։

Իսկ ինչու՞ Թրումանը նման կերպ վարվեց։ Պատասխանը Էդվարդ Ջեյքոբսոնն էր՝ հրեա գործարար և Թրումանի երկարամյա ընկերը։

1948-ի մարտին Ջեյքոբսոնը մտավ Օվալաձև գրասենյակ և հորդորեց Թրումանին հանդիպել սիոնիստ առաջնորդ Խաիմ Վայզմանին։ Թրումանը կտրականապես դեմ էր սիոնիստական լոբինգին և չէր ցանկանում այլևս ոչ մի ներկայացուցչի հետ հանդիպել։ Ջեյքոբսոնը չօգտագործեց քաղաքական փաստարկներ. նա խոսեց անձնական տեսանկյունից․ "Հարի, քո հերոսը Անդրյու Ջաքսոնն է։ Հարի, ես նույնպես հերոս ունեմ: Նրա անունը Խաիմ Վայզման է։ Նա ծեր է, հիվանդ, և հազարավոր մղոններ է անցել՝ քեզ տեսնելու։ Իսկ դու չես ուզում հանդիպել նրան։ Դա քեզ նման չէ, Հարի։"

Թրումանը համաձայնեց հանդիպել ծեր առաջնորդին։ Մի քանի օր անց նա հանդիպեց Վայզմանին, ով ներկայացրեց Իսրայելի ճանաչման քաղաքական, ռազմավարական և հումանիտար հիմնավորումները։

Ճանաչումից մինչև ռազմական դաշինք

Սկզբում ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Իսրայելին սահմանափակ էր։ Ավելին, ԱՄՆ-ն Իսրայելին և այլ արաբական երկրներին զենք վաճառելու էմբարգո սահմանեց, ինչը ստիպեց Իսրայելին զենք գնել Չեխոսլովակիայից՝ մի երկրից, որը գտնվում էր Խորհրդային Միության ազդեցության գոտում։

Իրավիճակը սկսվեց փոխվել 1962-ին, երբ նախագահ Ջոն Քենեդին հաստատեց առաջին ռազմական գործարքը՝ Իսրայելին տրամադրելով Hawk հակաօդային հրթիռային համակարգեր։

Սակայն իրական շրջադարձային պահը եղավ 1967-ի Վեցօրյա պատերազմը։ Եգիպտոսը, Հորդանանը և Սիրիան համատեղ հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելի արագ հաղթանակը այդ երեք արաբական երկրների նկատմամբ ցնցեց աշխարհը։ ԱՄՆ-ն հասկացավ, որ Իսրայելը կարող է լինել հուսալի ռազմական դաշնակից Սառը պատերազմում՝ խորհրդային ազդեցությանն հակակշռելու համար։

Եվ ահա1969-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնը զգալիորեն ավելացրեց ռազմական և տնտեսական օգնությունը, ինչը դարձավ ԱՄՆ-Իսրայել խորացող դաշինքի հիմքը։

Յոմ Կիպուրի պատերազմը և ԱՄՆ աջակցությունը

1973-ին, Եգիպտոսն ու Սիրիան անակնկալ հարձակում գործեցին Իսրայելի վրա։ Այս անգամ ԱՄՆ-ն անմիջապես արձագանքեց՝ մեծ քանակությամբ զինամթերք և տեխնիկա մատակարարելով Իսրայելին։ Սա վերջնականապես ամրապնդեց ԱՄՆ-Իսրայել պաշտպանական կապերը։

ԱՄՆ-ի աջակցության կարևոր պահերը

  • 1981 – Ռոնալդ Ռեյգանը Իսրայելին հայտարարեց ռազմավարական դաշնակից, ավելացնելով հետախուզական տվյալների փոխանակումն ու զենքի վաճառքը։

  • 1980-ականներ – Իսրայելը ճանաչվեց «ՆԱՏՕ-ից անդամ չհանդիսացող գլխավոր դաշնակից», ինչը նպաստեց տեխնոլոգիական և ռազմական համագործակցությանը։

  • 2007 – Նախագահ Ջորջ Բուշը հաստատեց 30 միլիարդ դոլարի ռազմական օգնության ծրագիր։

  • 2016 – Նախագահ Բարաք Օբաման ստորագրեց 38 միլիարդ դոլարի ռազմական օգնության ծրագիր։

Իր ստեղծման պահից մինչ օրս ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրել է ավելի քան 300 միլիարդ դոլարի աջակցություն, որից 228 միլիարդը եղել է ռազմական օգնության տեսքով։

Արտաքին հարաբերություններից անդին․ Տնտեսական և տեխնոլոգիական գործընկերություն

ԱՄՆ-Իսրայել կապերը միայն ռազմական չեն։

🔹 Երկկողմ առևտուրը գերազանցում է տարեկան 50 միլիարդ դոլարը։

🔹 ԱՄՆ-ն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն է։

🔹 Իսրայելի տեխնոլոգիական և նորարարությունները կիբերանվտանգության, արհեստական բանականության և բժշկության ոլորտներում աշխարհի առաջատարներից են։

🔹 Intel, Google, Apple և Microsoft ընկերություններն ունեն խոշոր հետազոտական և նորարարական կենտրոններ Իսրայելում։

🔹 Իսրայելն առաջատար է նաև էներգետիկ ոլորտում։ Այն համագործակցում է ԱՄՆ-ի հետ բնական գազի և վերականգնվող էներգիայի զարգացման հարցերում։

Դիվանագիտական ու քաղաքական ազդեցություն

ԱՄՆ-ն, ռազմական և տնտեսական աջակցությանը զուգահեռ, Իսրայելին նաև դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում՝

🔹 ՄԱԿ-ում արգելափակում է հակաիսրայելական բանաձևերը։

🔹 Միջնորդ է հանդիսանում տարածաշրջանային խաղաղության պայմանագրերի շուրջ բանակցությունների և կնքման գործում։ Սրա վառ օրինակն է 2020 թ-ի Աբրահամյան համաձայնագիրը։

🔹 Միջնորդ է հանդիսացել Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործում, սակայն Համաս-իսրայել պատերազմը խաթարեց բանակցությունները:

Մարտահրավերներ ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում

Չնայած հզոր դաշինքին, երկու երկրների միջև եղել են քաղաքական տարաձայնություններ․

🔹 Իրանի միջուկային գործարքը (2015) – Իսրայելը կտրականապես դեմ էր այս գործարքին, սակայն Օբամայի վարչակազմը առաջ տարավ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը։

🔹 ԱՄՆ-ի զենքի վաճառքը արաբական երկրներին – Իսրայելը բողոքել է ԱՄՆ-ի՝ Քաթարին F-35 կործանիչներ վաճառելու դեմ, ինչը Թել Ավիվում ընկալվեց որպես տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման վտանգ։

🔹 Գազայի և Պաղեստինի հիմնախնդիրները – ԱՄՆ-ն և Իսրայելը երբեմն տարաձայնություններ են ունենում խաղաղության գործընթացի վերաբերյալ, մասնավորապես՝ կապված Պաղեստինի պետականության հարցի և անվտանգության մտահոգությունների հետ։

Ինչ է սպասվում ապագայում

Անընդհատ փոփոխվող գլոբալ քաղաքականության պայմաններում նոր հարցեր են առաջ գալիս․

🔹 Կշարունակի՞ ԱՄՆ-ը ռազմական գործընկերության այս բարձր մակարդակը։

🔹 Ինչպե՞ս կազդեն Մերձավոր Արևելքում դաշինքների փոփոխությունները ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների վրա։

Մի բան հստակ է՝ ԱՄՆ-Իսրայել դաշինքը շարունակում է մնալ աշխարհաքաղաքականության ամենաազդեցիկ գործընկերություններից մեկը։

Comments


Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  worldandmeproject@gmail.com

© 2023 World and Me. All Rights Reserved.

  • Youtube
  • Linkedin
  • Instagram
  • Facebook
bottom of page